Երեւանում՝ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ այսօր` ապրիլի 12-ին, ելույթ է ունեցել Նորվեգիայի Բերգեն քաղաքի 45 հոգուց բաղկացած «Lyderhorn» երգչախումբ: Խումբը Երեւան է եկել հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հայերին ավելի հաղորդակից դարձնելու նորվեգական հոգեւոր երաժշտությանը: Կազմակերպիչների խոսքով` երգչախմբի վաղեմի երազանքն է եղել գալ Հայաստան ու հատկապես այցելել Ծիծեռնակաբերդ:
«Շատ են լսել Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին ու մեծ երազանք ունեին գալ այստեղ: Երեք տարի շարունակ նրանք սովորել եւ ուսումնասիրել են հայկական երգերը: Նրանք անպայման ուզում էին դրանք կատարել հենց հայերի համար մեծ կարեւորություն ունեցող վայրում»,-ասաց Նորվեգիայի մշակույթի ասոցիացիայի անդամ Մարտին Դավթիանը:
Երգչախումբը հուշահամալիրում կատարեց նորվեգական հոգեւոր երգեր, ինչպես նաեւ Կոմիտասի «Հով արեք սարերը» եւ Երեւանի օրներգը` «Երևան դարձած իմ Էրեբունին»:
Մարտին Դավթիանի խոսքով` երգչախումբը իր առջեւ նպատակ է դրել այցելել հենց այն երկրներ, որոնք ունեն ազգային, պատմական խնդիր, որոնք դեռ լուծում չեն ստացել.«Մենք այցելել ենք արդեն մի քանի այդպիսի երկրներ, օրինակ` Չիլի, Ուգանդա, Կուբա եւ Աֆրիկյան այլ երկրներ»:
Երգչախմբի անդամները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ երգի բառերը սովորելը իհարկե դժվար էր, քանի որ հայերենի հնչունային համակարգը շատ հագեցած է ու նրանց շատ երկար ժամանակ պահանջվեց դրան հարմարվելու համար:
«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք: Ինչպես գիտեք` Նորվեգիան այն երկրներից է, որը չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը: Մեր այցով մենք փորձում ենք ավելի մոտեցենել հայերին եւ նորվեգացիներին, ավելի սերտ կապեր ստեղծել այս երկու երկրների միջեւ»,-ասաց խմբի անդամներից Ռունե Քրիստիան Դալլը:
Վերջում` խմբի անդամները ծաղիկներ դրեցին հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Նշենք, որ երգչախումբը ստեղծվել է 1973 թվականին, մի խումբ ուսանողների կողմից, որոնք պայքարում էին արդարության համար եւ իրենց աջակցությունն էին հայտնում բռնաճնշումների ենթարկված մարդկանց:













