2011 թ. վերջին Հայաստանի կառավարությունը նախատեսում է ունենալ 4,3 մլրդ դոլարի արտաքին պարտք։ Այսօր` նոյեմբերի 17-ին այդ մասին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ եւ, մեր գնահատականներով, այն իր մեջ սպասարկման վտանգներ չի պարունակում»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իրականացվելիք մակրոտնտեսական քաղաքականությունը ենթադրում է բյուջետային դեֆիցիտի աստիճանական նվազեցում, պետական պարտքի աճի տեմպերի սահմանափակում (պահպանելով այն ողջամիտ եւ տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակում), լողացող փոխարժեքի ռեժիմ։ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի առումով նախատեսվում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու ՀՆԱ-ի 4 տոկոսը։ Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին եւ արտաքին ռեսուրսների հաշվին։ Պետական պարտքի 86.8 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին։