Հայաստանի կառավարությունը մի քանի հարյուր առաջարկ է ստացել 2011թ. բյուջեի նախագծի վերաբերյալ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այդ առաջարկները վերաբերում են ամենատարբեր ոլորտների: Չեն ընդունվի միայն այն առաջարկները, որոնք ծանր բեռ կլինեն պետբյուջեի համար եւ չեն բխում ֆինանսական հիմնական փաստաթղթի տրամաբանությունից: «Մենք չենք կարող չափից դուրս ավելացնել բյուջեի ծախսային մասը, քանի որ դա կհանգեցնի դեֆիցիտի, հետեւաբար գների աճի: Մինչդեռ մենք աշխատում ենք հակառակ ուղղությամբ»,- նկատել է նախարարը: Տիգրան Դավթյանը նկատել է նաեւ, որ կառավարությունը մտադիր է ընդունել կրթության ոլորտին առնչվող առաջարկները:
Նշենք, որ 2011 թ. վերջին Հայաստանի կառավարությունը նախատեսում է ունենալ 4,3 մլրդ դոլարի արտաքին պարտք։ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի առումով նախատեսվում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու ՀՆԱ-ի 4 տոկոսը։ Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին եւ արտաքին ռեսուրսների հաշվին։ Պետական պարտքի 86.8 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին:





























