Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am–ը հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու, թե որքանով են նրանք տեղեկացված կայանալիք ընտրությունների, դրան մասնակցող թեկնածուների մասին, և ինչ առաջնային խնդիրներ կան, որոնց քաղաքացիները նորընտիր քաղաքապետին կառաջարկեին ուշադրություն դարձնել։
Քաղաքացիների մեծ մասը տեղյակ է եւ սպասվող ընտրությունների, եւ դրանց մասնակցող քաղաքական ուժերի ու քաղաքապետի թեկնածուների մասին։
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի առաջադրմանը եւ կին քաղաքապետ ունենալու հեռանկարին՝ հարցվողների մեծ մասը պատասխանեց, որ դեմ չէ՝ հիմնականում հիմնավորելով, որ քաղաքի հանդեպ հոգատար վերաբերմունքի առկայության դեպքում քաղաքապետի սեռը կարեւոր չէ։
«Ի՞նչ տարբերություն, քո պապան աղջիկ ունենալուց մաղարիչ չի՞ արել»,– կատակեց քաղաքացիներից մեկը։
«Թող մի հատ էլ կին լինի, աշխարհը հո չի՞ քանդվի, փորձենք, մի հատ էլ տենանք դա ինչ ա, բազմազավակ մայր ա»,– ասաց մեկ ուրիշը։
Մայրաքաղաքի առաջնային խնդիրներին անդրադառնալով՝ հարցման մասնակից քաղաքացիները առանձնացրին քաղաքի մաքրության, կանաչապատման, աղբահանության, տեսախցիկների ու արագաչափերի հետ կապված խնդիրները։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:











