Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը 2011-ին կապույտ վառելիքի սակագների ձեւավորման շուրջ ներկայումս բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմի» հետ։

Ինչպես Ազգային ժողովի հարթակից հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանի կառավարության նպատակը գազի ներկայիս սակագինը 2011-ին  պահպանելն է։ «Որքանով է դա մեզ հաջողվում, դեռեւս շուտ է ասել։ Եթե անգամ ռուսական գազի սակագինը փոխվի, ապա դա կլինի 2011 թվականի ապրիլից»,- հայտարարեց նախարարը։

Ի պատասխան նախարարի ելույթի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր տեղից կոչ արեց. «Պայքա՛ր,պայքա՛ր մինչեւ վերջ, պարոն նախարար»։

Նշենք, որ ռուսական «Գազպրոմը» հայտարարել է, որ առանց բացառության մտադիր է արտահանվող գազի սակագինը թանկացնել բոլոր երկրների համար։ Հայաստանը ռուսական գազը դեռեւս ստանում է արտոնյալ սակագնով։