Ռումինիայի Հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տեղեկացվել է, որ ապրիլի 13-ի առավոտյան` կյանքի 76-րդ տարում, վախճանվել է Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Զարեհ ծայրագույն վարդապետի մահը:
Ապրիլի 19-ին, Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Հայր Զարեհի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Տ Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1941 թ. հոկտեմբերի 2-ին Բուխարեստում (Ռումինիա):
Նախնական կրթությունը ստացել է Բուխարեստի Հայկական վարժարանում (1948-1955 թթ.):
1955-1959 թթ. սովորել է Երեւանի Մանկավարժական ուսումնարանում:
1961 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան, որի լսարանական բաժինն ավարտել է 1965 թ.:
1963-1964 թթ. սովորել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի հոգեւոր ակադեմիայում եւ պաշտպանել ավարտաճառ`«Ստեփանոս Վարդապետ Լեհացի. կյանքն ու գործը» թեմայով:
1963 թ. սեպտեմբերին Ս. Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի:
1965 թ. հունվարին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի:
1967-1970 թթ. ուսանել է Բուխարեստի Աստվածաբանական ակադեմիայում:
1969 թ. հուլիսին վարդապետական աստիճանի համար պաշտպանել է ավարտաճառ` «Հովսեփ արքեպիսկոպոս Արղության. կյանքն ու գործը» թեմայով:
1971 թ. ծայրագույն վարդապետության աստիճանի համար պաշտպանել է ավարտաճառ`«Տեղական ժողովները եւ իրենց տեղն ու նշանակությունը Հայ Եկեղեցու Կանոնադրության մեջ» թեմայով:
1976 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան` պաշտպանելով ավարտաճառ` «Հայ Եկեղեցու Պատարագը Արեւելյան մյուս եկեղեցիների պատարագների շարքում» թեմայով:
1965-2001 թթ. եղել է Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ:
1973-2001 թթ. սպասավորել է Ռումինիայի հայոց թեմում որպես առաջնորդական փոխանորդ:
Զարեհ ծայրագույն վարդապետը հեղինակ է բազում հոդվածների եւ ուսումնասիրությունների, արժանացել տարբեր մրցանակների:




























