Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 18-ին Բաքվում՝ Մերձկասպյան պետությունների գագաթաժողովում բանակցություններ կվարի իր իրանցի գործընկերոջ՝ Մահմուդ Ահմադինեժադի հետ, եւ քննարկելու է Թեհրանի ատոմային ծրագիրը: Այդ մասին Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին հայտարարել է պետության ղեկավարի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բանակցություններում ծրագրվում է պարզել Իրանի նախագահի իրական մտադրությունները միջազգային հանրության հետ ատոմային խնդրով բանակցությունների վերաբերյալ:

«Մենք պետք է պարզենք, թե ինչն է հուզում իրանցիներին, ինչի հետ չեն համաձայնվում»,- ասել է Պրիխոդկոն:

Նշենք, որ «վեցնյակը» առաջարկել է իրանական կողմին բանակցություններ վարել Վիեննայում կամ Շվեյցարիայում դեկտեմբերի սկզբին: Իրանական կողմի պատասխանը դեռ չի ստացվել: