Նոյեմբերի 16-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում, երբ առաջիկայում այցելի Հայաստան:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, Պրեսկոտը Հայաստան կժամանի 2011-ի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, իրականացնելու հերթական մոնիտորինգային այցելությունը: Նա ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել:
Միջազգային տարբեր կառույցները եւ եվրոպացի պաշտոնյաները Հայաստան կատարած այցերի ժամանակ հաճախ են անդրադառնում անազատության մեջ հայտնված ընդդիմադիրների խնդրին:
«Պարզ է մի բան, որ այս փուլում գոյություն ունեն մի քանի եղանակներ, եւ դրանցից մեկը հավանաբար պետք է գործադրվի` մեկը պայմանական վաղաժամկետ ազատումն է, մյուսը ներումն է կամ համաներումը, եւ մյուսը` պատժի կրումը: Այս չորս եղանակներն են, որ նախատեսված են մեր օրենսդրությամբ: Համաներումը հանրապետության նախագահի իրավասության ներքո է, ներումը` նույնպես, բայց այս դեպքում անձը պետք է դիմի դրա համար: Ինչ վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակմանը, ապա դա սովորական գործընթաց է, որն իրականացվում է, եւ կային անձինք, որոնք վերջերս ազատվել են», - նշել է Հարությունյանը եւ հնարավոր համարել, որ շարունակվի ընդդիմադիր գործիչների վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը:
Հիշեցնենք, որ վերջերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀՇ Վանաձորի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ով 2008 թվականին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման` իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով: Նա բանտում անցկացրել էր 2 տարի 8 ամիս:





























