Նոյեմբերի 15-19-ին Երեւանում անցկացվում է ուսումնական դասընթաց` «Օպերատիվ հետախուզության աշխատակիցների որակավորման բարձրացում» թեմայով: Դասընթացը կազմակերպվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ` ՌԴ Ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության վարչության հետ համատեղ:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացում ներառված են հետեւյալ թեմաները. ստվերային տնտեսության չափերի մեծացման գործոններ, հարկային հետաքննություն, կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների կանխատեսման ու բացահայտման արդյունավետության բարձրացում, կեղծ ձեռնարկատիրություն:
Այսպիսի ձեւաչափով դասընթաց առաջին անգամ է անցկացվում: Մինչ այդ համակարգի օպերատիվ աշխատակիցները մասնագիտական վերապատրաստում էին անցնում Մոսկվայում եւ Աստանայում:
ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի տվյալներով` միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում Օպերատիվ հետախուզության վարչությունը հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրության շուրջ 370 դեպք, ինչը 30 տոկոսով գերազանցում է ամբողջ 2009-ի ցուցանիշը: «Կարծում եմ, նման դասընթացները կբարձրացնեն օպերատիվ աշխատակիցների գործունեության արդյունավետությունը, ինչն, իհարկե, կնպաստի հայտնաբերումների աճին»,-ընդգծել է Ռոբերտ Գալոյանը:
Նշվել է նաեւ, որ նաեւ վերապատրաստման արդյունքում է, որ այս ոլորտում կատարվում են էական բացահայտումներ, կանխվում են բազմաթիվ կեղծ ձեռնարկատիրության դեպքեր: Օրերս, օրինակ, Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները դարձյալ հայտնաբերել են հարկային դաշտից դուրս գործունեություն ծավալած մի շարք ապօրինի տնտեսվարող սուբյեկտների:
Կարամել, պահածոյացված վարունգ, կակաո. այս ապրանքատեսակների արտադրությունը հարկային դաշտից դուրս կազմակերպել էին անհատ ձեռնարկատերեր Էդուարդ եւ Տարոն Նահապետյանները: Ձեռնարկատիրությունն իրականացվել էր նաեւ չձեւակերպված աշխատակիցների միջոցով:




























