Բրիտանիայի ԱԳՆ-ն 2016-ի մի քանի ամիսներին ենթարկվել է հաքերների «բարձր մոտիվացված ու լավ ապահովված ռեսուրսների» հարձակումներին, հայտնում է BBC-ն։

Կիբերանվտանգության բրիտանական ազգային կենտրոնում չեն ճշգրտում, արդյոք որեւէ տվյալներ են առեւանգվել։ Կենտրոնում գործակալության աղբյուրը հայտնել է, որ Ֆորին- օֆիսի առավել կարեւոր գաղտնի տեղեկությունները պահվում էին մի համակարգում, որը զերծ է մնացել հաքերական հարձակումներից։

Հաքերական հարձակման ետեւում կանգնած է մինչ այդ անհայտ խումբ, որին ֆիննական F-Secure ընկերությունն անվանել է Callisto՝ հին հունական առասպելների հերոսուհու պատվին, որին Զեւսը արջ էր դարձրել։

Բացառված չէ, որ Callisto անվանումը նմանակում է արեւմտյան երկրների վրա գրոհող ավելի հայտնի հաքերական խմբավորումների Cozy Bear եւ Fancy Bear անվանումները։ ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ, նաեւ ԱՄՆ իշխանությունները համարում են, որ այդ խմբերը կապակցված են ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Callisto-ն նաեւ հարձակվում է ռազմական ու պետական ծառայողների, վերլուծական կենտրոնների ու լրագրողների վրա։ Արեւմտյան երկրները Callisto–ի միակ նշանակետը չեն, նրան հետաքրքրում են նաեււ Արեւելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի գաղտնի տեղեկությունները։

F-Secure-ի տվյալներով Callisto–ի ենթակառուցվածքը գտնվում է Ռուսաստանում, Ուկրաինայում ու Չինաստանում։ Գաղտնաբառերի առեւանգումը կատարվում է ֆիշինգի միջոցով՝ նամակներ, որոնք պարունակում են էլեկտրոնային փոստի կեղծ ինտերֆեյսի հղումներ։

F-Secure-ի մասնագետները հայտնել են, որ բազմաթիվ ընդհանրություններ են գտել Callisto–ի ու մյուս հաքերական խմբերի միջեւ, որոնք գործում են ռուսական հատուկ ծառայությունների օգտին։ F-Secure-ի տեղեկություններով, Callisto խումբը ակտիվ է եղել 2015-ի վերջից ու մինչեւ հիմա շարունակում է գործել։