«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ կենտրոնը կգործի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում եւ կզբաղեցնի մոտ 500 քմ տարածք։

«Կենտրոնի ստեղծումը բուհի տարածքում հատուկ է արված, որպեսզի ուսանողներին այն մատչելի լինի, սակայն կենտրոնի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ ՏՏ ընկերությունների աշխատակիցներ եւ ՏՏ ոլորտի անկախ մասնագետներ։ Ինովացիոն կենտրոնը բաց է լինելու բոլորի համար անվճար»,- ասաց Գ. Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ ինովացիոն կենտրոնում կներկայացվեն ինչպես «Մայքրոսոֆթ»-ի, այնպես էլ աշխարհի այլ առաջատար ՏՏ ընկերությունների նոր տեխնոլոգիական լուծումները, կենտրոնը կլինի նաեւ կրթական կենտրոն։

«Կդասավանդվեն բիզնեսը կազմակերպելու հմտություններ՝ մենեջմենթ, մարկետինգ եւ այլն, ինչը կաջակցի ինչպես Հայաստանում նորաստեղծ ընկերությունների ստեղծմանը, այնպես էլ արդեն գործող ընկերությունների զարգացմանը»,-ասաց Գ. Բարսեղյանը։

Նշենք, որ Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի ստեղծումը ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության համագործակցության արդյունք է: Կենտրոնի ստեղծման բյուջեն կազմում է մոտ 2,5 մլն դոլար։

Գ. Բարսեղյանի խոսքով՝ կենտրոնի նախագիծը կֆինանսավորվի ընդամենը երեք տարի, որից հետո նախատեսվում է, որ այն կանցնի ինքնաֆինանսավորման։ 

Տեղեկացնենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունը 80-ից ավելի ինովացիոն կենտրոնններ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվելիք կենտրոնը կդառնա առաջինը ողջ Անդրկովկասում:

Նախատեսվում է, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն իր գործունեությունը կսկսի 2011թ. փետրվարից։