Ապրիլի 15-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին` ժամը 20.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կիրականացնեն «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` երիտասարդները կանթեղներով երթը կազմակերպում են Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելու նպատակով: 

Երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով եւ Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ երիտասարդական թեւի անդամներ, զինվորներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ եւ այլք: