Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 17-ին Մոսկվայում հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարներն է քննարկել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշելով, որ Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերը, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Նախագահը խոսել է նաեւ անցյալ տարի Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի կողմից արված ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք այս տարի եւս շարունակվում են:

«Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի ապացույցն են այն նախագծերը, որոնք մենք այժմ համատեղ իրականացնում ենք: Դա վերաբերվում է Մեծամորի ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությանը, մեր երկաթուղային տրանսպորտի արդիականացմանն ու ընդլայնմանը: Կան մեծ եւ երկարաժամկետ ներդրումներ կապի ոլորտում: Իրականում, մենք շատ լավ զարգանում ենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը` մեկ անգամ եւս ՌԴ կառավարության նախագահին շնորհակալություն հայտնելով մեր երկրին տրամադրված վարկի համար: Հանրապետության ղեկավարի խոսքով` եթե չլինեին այդ գումարները, տնտեսության վերականգնման գործում Հայաստանը զգալի դժվարություններ կունենար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, այդ ամենի հետ մեկտեղ, գյուղատնտեսության ոլորտում այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, ինչպես եւ Ռուսաստանում, արձանագրվել է անկում:

 «Եթե մեր արդյունաբերությունն աճում է մոտ մինչեւ 10 տոկոս, ապա գյուղատնտեսությունում ունենք 17-18 տոկոս անկում: Սակայն լիահույս ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, մենք դուրս կգանք ճգնաժամից, քանի որ մեր հիմնական ձեռնարկությունները կա´մ համատեղ են, կա´մ ռուսական կապիտալով»,-ասել է Նախագահը:   

Վարչապետ Վլ.Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանն իմանալով Հայաստանի կարիքները, պատրաստ է այսուհետ եւս համագործակցելու եւ աշխատանքային մակարդակով բոլոր հարցերը համաձայնեցնելու:

«Չնայած, մեզ մոտ եւս այս տարի լուրջ դժվարություններ կան գյուղատնտեսությունում, եւ դրանք կապված են եղանակային պայմանների հետ, այնուամենայնիվ, մենք արձագանքեցինք մեր հայ բարեկամների խնդրանքին ու այս տարի սեպտեմբերին ցորենի սերմացու ուղարկեցինք, որպեսզի ցանքը ժամանակին կատարվի, եւ մյուս տարի լավ արդյունք ապահովվի»,-ի պատասխան ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Վլ. Պուտինը եւս նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը եւ ավելորդ է համարել  այդ պարագայում ապրանքաշրջանառության մասին խոսելը` ընդգծելով, որ այն վատ մակարդակի վրա չէ:

 «Ճիշտ է, 2009թ. ճգնաժամային տարում ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազեց, բայց այժմ արագ վերականգնվում է: Նույնիսկ 2009թ. Հայաստանի տնտեսության մեջ աճել են ռուսական ուղղակի ներդրումների ծավալները` ընդհանուր առմամբ, դա մոտ 3 մլրդ. դոլար է, իսկ ավելի ստույգ` 2,8 մլրդ. դոլար: Նույնիսկ 2009թ. ռուսական ուղղակի ներդրումների ծավալն աճել է կես միլիարդով»,-ասել է վարչապետ Պուտինը, հիշելով անցյալ տարվա ամռանը` հունիսին,  Հայաստանին տրված 500 մլն դոլար պետական պարտքը: Ռուսաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այն օգտակար է եղել եւ տրվել է ժամանակին` սոցիալական ու տնտեսական ոլորտներում կայուն իրավիճակի ստեղծման համար:

«Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, եւ մենք երախտապարտ ենք Ձեզ, որ Դուք եւ Հայաստանի կառավարությունն այդ աշխատանքի, համագործակցության համար ստեղծում եք անհրաժեշտ պայմաններ»,-Նախագահ Սարգսյանին ասել է ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը: