Ադրբեջանցի պաշտոնյան հարվածել է անհարմար հարց տված կին լրագրողին: Ինչպես հաղորդում է minval.az-ը` Յասամալի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Իբրահիմ Մեհթիեւը մեկնաբանել է երեկվա միջադեպը, ավելի կոնկրետ` կին լրագարողի նկատմամբ հակաօրինական գործողությունները, ով նրան հարց է տվել «Հաջի Ջավադ» մզկիթի մոտ: Բնականաբար, Մեհթիեւը հրաժարվել է իր գործողություններից եւ ölkə.az-ի հետ հարցազրույցում ասել, թե չի հարվածել աղջկան, եւ որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն Մեհթիեւը հաշվի չի առել, որ տեսաժապավենները հակառակն են ապացուցում:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել պատմական «Հաջի Ջավադ» մզկիթը քանդելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ` «Սովետսկայա» կոչվող տարածքում:
Ի. Մեհթիեւն ասել է, որ այն պահին, երբ լրագրողը մեկնաբանությունների էր սպասում, ինքը զբաղված էր: Ինքը զրուցում էր համայնքի հինգ անդամների հետ եւ նրանց փոխանցում ղեկավարության հրահանգները: «Մենք էլ ենք մարդ, մենք նույնպես հարգում ենք ինքներս մեզ», - հայտարարել է պաշտոնյան:
Սակայն տարօրինակ է «ինքն իրեն հարգելու» հասկացությունը մի մարդու համար, ով ձեռք է բարձրացնում կնոջ վրա:











