Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Լիսաբոնում նոյեմբերի 19-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Սպասվում է, որ օրակարգում քննարկման կդրվեն դաշինքի առաջնահերթ հարցերը եւ դրանց հետ կապված կարեւոր որոշումները:
Նախատեսվում է, որ լիսաբոնյան գագաթաժողովում կընդունվի նոր ռազմավարական կոնցեպցիա, որը կկանխորոշի դաշինքի հետագա 10-15 տարվա գործունեությունը»:
Արտգործնախարարությունն ուշադրությունը հրավիրել է նաեւ այն փաստի վրա, որ դաշինքի օրակարգ կմտնի նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների, հակարթիռային պաշտպանական համակարգերի եւ Աֆղանստանի հարցը:
Լիսաբոնյան գագաթաժողովին կմասնակցի Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն եւ Պաշտպանության նախարար Վեջի Գենյուլը: Գագաթաժողովն կանցկացվի աշխատանքային նիստերի եւ աշխատանքային ընթրիքների ձեւաչափում:
ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարները կհանդիպեն առանձին աշխատանքային ընթրիքի շուրջ:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գաղտնազերծել է նամակի բովանդակությունը՝ Թուրքիայի տարածքում Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տարրեր տեղակայելու կապակցությամբ: Էրդողանն ասել է լրագրողներին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է հաղորդել Թուրքիայի գերակայություններն ու մտահոգություններն այդ հարցում:
Վարչապետը նշել է, որ համակարգը պետք է կառավարի Թուրքիան, այլապես անհնար է պայմանավորվածություններ ձեռք բերել այդ ուղղությամբ:
Ըստ Էրդողանի, ՀՀՊ տեղակայման հարցը քննարկվում է որպես ՆԱՏՕ-ի շահերին առնչվող հարց՝ ընդգծելով, որ հակահրթիռային պաշտպանությունը չպետք է գործի որպես կոնկրետ երկրի դեմ ուղղված սպառնալիք:





























