ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ նորընտիր խորհրդարանում պատգամավորների քանակի կրճատման հետեւանքով պետք է կրճատվեն նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը։ NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, թե դեռ հայտնի էլ չէ՝ «Ելք» դաշինքը հանձնաժողովի ղեկավար կունենա, թե ոչ։

«Նախկինում ունեցել ենք 12 հանձնաժողով, բայց իմ կարծիքով՝ այդ 12 հանձնաժողովը  Ազգային ժողովի համար շատ է եղել, հիմա որ կրճատվել են  պատգամավորների քանակը, հանձնաժողովները կրճատելու կարիք կա»,-ասաց նա:

Թեեւ դեռ հարցը չի քննարկվել, սակայն ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ Եվրաինտեգրման  եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները պետք է միավորվեն. «Չեմ ասում՝ վերացվեն այդ հանձնաժողովները, ուղղակի պետք է օպտիմիլացնել գլոբալացնել, այդ հարցերը քննարկման փուլում են»։

Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե դեռ հայտնի չէ՝ որ հանձնաժողովներն են գլխավորելու ՀՀԿ–ն, «Ծառուկյան» դաշինքը, եւ որը «Ելք»–ը։ 

«Մենք չգիտենք էլ «Ելքը» հանձնաժողովի նախագահ ունենալու է, թե ոչ, օրենքով է կարգավորում, դա կախված է հանձնաժողովների քանակից, քաղաքական ուժերի հետ խորհրդակցության արդյունքում կունենանք վերջնական պատկեր, չենք քննարկել այդ հարցը»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Պատգամավորը նաեւ ասաց, թե դեռ չգիտի ինքը վերանշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար, թե ոչ: