Այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի Բուրաստան գյուղի կամուրջի մոտ տեղի է ունեցել վթար: «Մերսեդես E-320» մակնիշի 23 ՍՏ 363 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, չկարողանալով կառավարել մեքենան, հարվածել է կամրջի երկաթե արգելապատնեշին եւ 3-5 մետր բարձրությունից ընկել ձորը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 23-ամյա Էդգար Աղվանի Մադաթյանը եւ 21-ամյա Գոռ Գագիկի Մամիկոնյանը տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց: Է. Մադաթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Գ. Մամիկոնյանը Արտաշատի հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկլական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում են ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ավետիք Հարությունյանը` ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը` քննիչների եւ փորձագետի հետ:
Ոստիկանությունը աշխատանքներ է ձեռնարկում, որպեսզի վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերվի ձորից եւ քարշակի միջոցով տեղափոխվի Արտաշատի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Թե ով է եղել վարորդը, եւ ով` ուղեւորը, կպարզի Արտաշատի քննչական բաժինը, որտեղ արդեն նյութեր են նախապատրաստվում։







Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























