ԵՄ-ն կշարունակի հետեւել Հայաստանում ընտրողներին կաշառելու բողոքների հետընտրական քննարկումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` մեկնաբանելով իր հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Կողմերը երկար ու մանրամասն քննարկել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված խախտումները: Քննարկվել են հատկապես քվեարկության օրը, օրենսդրական խախտումներն ընդհանրապես  եւ Ընտրական օրենսգրքի խախտումները` մասնավորապես: Չնայած որ այն դատախազի իրավասացության ներքո չէ, դրա հետ կապված հարցերը եւս շատ կարեւոր են, նկատել է նա: 

«Մենք քննարկել ենք վարչական ռեսուրսների չարաշահման եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների, ինչպես նաեւ ընտրողներին կաշառելու մասին հայտարարությունները», -հայտարարել է Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ նման տեղեկությունների մասին հայտարարել են ԵԱՀԿ եւ Եվրախորհրդարանի դիտորդները: