Իրանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ զանգվածային ծեծկռտուքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, Իրանում Հայաստանի դեսպանատունը հերքել է լրատվամիջոցների տարածած այդ տեղեկությունը: «Նման միջադեպ նոյեմբերի 17-ին Թավրիզում տեղի չի ունեցել»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին հայերի ու ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Իրանի Թավրիզ քաղաքում` Սատարխանի մահվան 96-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Ագրեսիվ ադրբեջանցիները սգո արարողության ժամանակ հիշել են հայերից ունեցած բոլոր վիրավորանքները եւ հարձակվել երիտասարդ հայերի վրա, բղավելով «Կա՜մ Ղարաբաղ, կա՜մ` մահ», «Կեցցե Ադրբեջանը»,. «Վերացնենք Հայաստանը»:
Երբ նրանց կոչերի պաշարը վերջացել է, գործի են դրել բռունցքները: Որոշ ժամանակով սգո արարողությունը վերածվել է մարտադաշտի:
Շտապ դեպքի վայր ժամանած Իրանի անվտանգության մարմինների աշխատակիցները միջամտել են եւ բաժանել կռվողներին: Չարացած երիտասարդներին տեղափոխել են ոստիկանություն: Միջադեպի պատճառները ճշտվում են:





























