Facebook ընկերությունը կվերանայի բռնություն պատկերող հոլովակների եւ կասկածելի այլ նյութերի մշակման քաղաքականությունը: Նման որոշում է ընդունվել, երբ ամերիկացի հանցագործը սոցցանցի ուղիղ եթերում սպանություն է կատարել: Այս մասին հայտարարել է Facebook-ի միջազգային գործունեության հարցերով փոխնախագահ Ջասթին Օսոֆսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հայտարարել է, որ ընկերությունը վերանայում է կայքում կասկածելի նյութերի մասին մոդերատորներին տեղեկացնելու ընթացակարգըշ, «որպեսզի մարդիկ կարողանան հայտնել տեսանյութի եւ այլ նյութերի մասին, որոնք ստանդարտները խախտում են այնքան հեշտ ու արագ, որքան դա հնարավոր է»:

Facebook-ի փոխնախագահը հայտնել է, որ  ընկերությունը հանցագործի առաջին հոլովակի մասին չի ծանուցվել: Երկրորդ հոլովակի մասին հաղորդագրությունը ստացվել է այն հրապարակելուց 1 ժամ 45 րոպե անց, իսկ երրորդ հոլովակի մասին, որը պարունակում է հանցագործի խոստովանությունը, ստացվել է միան հեռարձակման ավարտին: