Apple կորպորացիան կարող է ազատվել մատնահետքերի Touch ID սկաներից՝ դրա ինտեգրման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին պատմել է Pacific Crest Securities-ի վերլուծաբան Էնդի Հարգրիվզը, փոխանցում է MacRumors–ը։
Մասնագետի խոսքով Apple –ը մտադիր է մատնահետքերի սկաները տեղադրել դիսփլեյի մակերեսի տակ, որպեսզի այն աշխատի էկրանի ցանկացած մասում։ Սակայն ընկերությունը տեխնոլոգիայի ներդրման հարցում խնդիրների է բախվել, դրա համար էլ այդ տեխնոլոգիայից կարող են հրաժարվել՝ ի օգուտ կենսաբանական նույնականացման մեկ այլ մեխանիզմի։ Նաեւ ընկերությունը կարող է մատնահետքերի սկաները տեղադրել սարքի ետեւի կափարիչի վրա։
Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, վստահեցնում է, որ iPhone –ի ամենաթանկարժեք նոր տարբերակը կստանա Edition անվանումը ու կունենա չժանգոտող պողպատից կորպուս։ Նաեւ այն կունենա կրկնակի տեսախցիկ՝ VR-կոնտենտի նկարահանման համար մոդուլների ուղղահայաց տեղակայումով։
Սակայն դատելով ընկերության վերջին պատենտներից, iPhone8-ը կստանա հեղուկ մետաղից պատրաստված կորպուս։ Այդ նյութը ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի ու այլ մետաղների հատուկ ձուլվածք է ու իր կառուցվածքով ավելի շատ հիշեցնում է ապակի։ Ընդ որում այն շատ ամուր է, դիմանում է կոռոզիային ու շատ ուշ է մաշվում ։ Այն կարող է քողարկել մանր վնասվածքները։




























