Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին այսօր՝ ապրիլի 19-ին, «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնում վիրահատել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանից: Նա նշեց, որ Արարատ Խանդոյանի աչքի վիահատությունը նորմալ է անցել, վիրահատությունից հետո նրան անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատ Խանդոյանն աչքի վնասվածքը ստացել էր 2016թ. հուլիսյան դեպքերի ժամանակ:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը կալանքի տակ է գտնվում նախորդ տարվա հուլիսից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:




























