ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կատարած այցի ընթացքում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյի հետ եւ քննարկել Հայաստանում հեռահաղորդակության միջազգային կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկկողմ հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա գործակցության հեռանկարները:

Նա նաեւ կարեւորել է Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկա միջոցառումներին, այդ թվում` հունիսին Ժնեւում կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին (WSIS):

Նախարարի առաջարկությամբ քննարկվել է Հայաստանում հեռահաղորդակության միջազգային կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունը:

Կողմերը քննարկել են նաեւ ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու մարտահրավերներն աշխարհում եւ մասնավորաբար Հայաստանում:

Նկատի ունենալով, որ Հայաստանը տարածաշրջանում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկն է, խոսվել է մեր երկրի դերի որոշակիացման մասին` որպես միության հետ համագործակցության տարածաշրջանային կենտրոն:

Հոուլին Ժաոն սիրով ընդունել է նախարար Վահան Մարտիրոսյանի` Հայաստան գալու հրավերը:

Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից: