ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նոր ղեկավար Կառլս Յամերսի պարագայում, որի հետ հայկական պատվիրակությունն ակտիվորեն համագործակցել եւ համագործակցում է, Ադրբեջանը չի կարող հեշտությամբ կազմակերպության օրակարգում ընդգրկել Լեռնային Ղարաբաղին առնչվող բանաձեւեր: Նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը՝ ամփոփելով նոյեմբերի 12-16-ին Վարշավայում կայացած աշնանային նստաշրջանի արդյունքները:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի ներկայացրած բանաձեւի նախագծին, որի քննարկումը հետաձգվեց, Ավագյանը նշել է, թե հետաձգման հարցը բարձրացրել են ադրբեջանցի պատգամավորները՝ վկայակոչելով Ադրբեջանում ընթացող խորհրդարանական ընտրությունների փաստը:  «Նաեւ ՆԱՏՕ ԽՎ ղեկավարությունն առաջարկեց հետաձգել: Հույս ունենանք, որ բանաձեւի այդ նախագիծն ընդհանրապես չի քննարկվի կազմակերպության կողմից: Բայց եթե անգամ ընդգրկվի, հայկական պատվիրակությունը պատրաստ է բանավեճերին եւ կարող է հասցնել իր տեսակետը վեհաժողովի պատվիրակներին»,- հավաստիացրել է Ավագյանը: Նա նշել է նաեւ, որ ՆԱՏՕ ԽՎ-ն առանձնահատուկ ակտիվություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում եւ ցանկացած հարմար առիթով հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբին»: Ավագյանը դրական միտում է համարում այն, որ վերջին շրջանում միջազգային ցանկացած ատյան ու տարածքային ամբողջականության հետ միասին նույն հարթության վրա է դրվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: «Նախկինում դա չի եղել»,- ասել է պատգամավորը:

Հայկական պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանը նշել է, թե ՆԱՏՕ ԽՎ-ն քննարկել է Ադրբեջանում կայացած ընտրությունների հարցը: «Քննարկման իմաստն այն է, որ վեհաժողովն ամբողջ ճշմարտությունը չի ասում ադրբեջանցիների երեսին, որովհետեւ չի կորցրել համագործակցության հույսը»,-ասել է Սաֆարյանը: