Բաքվում նոյեմբերի 18-ին մեկնարկեց Կասպյան երկրների ղեկավարների երրորդ գագաթաժողովը: Ադրբեջանի նախագահ Իլխամ Ալիեւը դիմավորել է գագաթաժողովի պլենար նիստին մասնակցելու ժամանած Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստան եւ Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւին, Մահմուդ Ահմադինեժադին, Գուրբանօղլու Բերդիմուհամեդովին եւ Նուրսուլթան Նազարբաեւին:

Երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Իլհամ Ալիեւը կարեւորել է այն, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանման ընթացքում կողմերը գան փոխհամաձայնության: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Կասպից ծովը բաժանելու հարցում. «Կասպիցն ընկերության ծով դարձնելու համար այսօր անհրաժեշտ է ամրապնդել կասպյան հինգ երկրների տնտեսական համագործակցությունը»:

Նշենք, որ Կասպյան երկրների ղեկավարների առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել է 2002 թվականի ապրիլի 23-24 Աշքաբադում, իսկ երկրորդը` 2007 թվական  հոկտեմբերի 16-ին Թեհրանում:

 Բաքվի գագաթաժողովում երկրների ղեկավարները կքննարկեն Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Նախագահների ստրագրությանն է ներկայացվել երկու փաստաթուղթ` համատեղ հռչակագրի եւ Կասպից ծովի անվտանգության վերաբերյալ համաձայնագրի նախագծեր: