Այլընտրանքային բյուջե պատրաստելով ընդդիմությունն ավելիի հստակ կշարադրեր իր տեսակետները, քան հատվածային ելույթներ ունենալով: Նոյեմբերի 18-ին այդպիսի կարծիք հայտնեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը արտահերթ խոսք վերցնելով` ԱԺ-ում 2011թվականին բյուջեի քննարկման ընթացքում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթից հետո:

«Մենք գնահատում ենք մեր գործընկերների մասնակցությունը բյուջեի քննարկմանը: Միաժամանակ նշեմ, որ արեւմտյան քաղաքական փորձը նախատեսում է, որ ընդդիմությունը նախապատրաստի բյուջեի սեփական տարբերակը` կառավարության մշակած բյուջեին զուգահեռ: Դա հնարավորություն կտար ավելի հստակ պատկերացում կազմել քաղաքական ուժերի մոտեցումների մասին, ինչպես նաեւ դա կուժեղացներ մեր գործընկերների աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Այդ ժամանակ ստիպված չէինք լինի նրանց դիրքորոշումների մասին պատկերացում կազմել հատվածային ելույթների հիման վրա: Կարծում եմ, որ ստվերային բյուջեի ձեւավորումը լուրջ բեկում կմտցնի մեր քաղաքական մշակույթի մեջ»,- հայտարարեց նա, ափսոսանք հայտնելով, որ այս տարի դա տեղի չունեցավ:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց նախարարին խմբակցության հայտարարությամբ: «Կգա այն օրը, երբ ընդդիմությունը կներկայացնի բյուջեի այլընտրանքային նախագիծ, երբ մենք կունենանք ստվերային ծրագիր: Բայդ դրա համար, թույլ տվեք նշել, անհրաժեշտ է, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությանը տրված ձայները չկորեն»,- հայտարարեց Մարտիրոսյանը: