Որպես ավանդույթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպաններն իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերի ամրապնդման եւ խորացման գործում: Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ: Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանը  իր գործունեությամբ նույնպես կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա խորացմանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները կարեւորվել են նաեւ ԵՄ-Հայաստան համագործակցության տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում առկա արդյունավետ համագործակցության խորացումը:

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել ‎ֆրանս-հայկական բարձր մակարդակի հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Նա կարեւորել է միջխորհրդարանական գործակցությունը եւ նշեց, որ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որի խորհրդարանի հետ  պատգամավորական բարեկամության խմբեր են գործում  եւ Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում: Պարոն Ռենոն կարեւորել է նաեւ տնտեսական համագործակցության  եւ միջռեգիոնալ փոխգործակցության խորացումը: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված ֆրանկոֆոնիայի զարգացմանը մեր երկրում: