Հայաստանի խորհրդարանի հինգ ուժերից միայն երկուսն են հավանության  արժանացրել 2011 թվականի պետբյուջեի նախագիծը։

Իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, որ ՀՀԿ-ն 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը համարում է տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված փաստաթուղթ։ Նրա խոսքով, սա հավասարակշռված փաստաթուղթ է, որում որպես հիմք բավական բարձր ցուցանիշներ են վերցված։ Նա ընդգծեց, որ սա առաջին ծրագրային բյուջեն է, որը բաղկացած է 4 հազար էջից։

Բյուջեի նախագիծը գոհացուցիչ համարեց նաեւ ՕԵԿ խմբակցությունը։ Խմբակցության անդամ Արծրուն Աղաջանյանի խոսքով, «Օրինաց երկիրը» «կողմ» կքվեարկի, եթե Կառավարությունն ընդունի կուսակցության  առաջարկությունները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չբարձրաձայնեց իր դիրքորոշման մասին։ ԲՀԿ անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Բալասանյանը խոսեց բացառապես գյուղատնտեսության եւ մեղվաբուծության խնդիրների մասին։

ՀՅԴ-ն գերադասեց ելույթ չունենալ, սակայն «դաշնակները» ելույթների ժամանակ պարբերաբար քննադատության էին արժանացնում  փաստաթուղթը։

«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին։