Այսօր՝ նոյեմբերի 18-ին ժամը 15:15-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչական շենքի դիմաց Dodge մակնիշի 22 ՕԼ 768 համարանիշի ավտոմեքենան ընդհարվել է առջեւից ընթացող անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենային: Այնուհետեւ Dodge-ի հետեւամասին է ընդհարվել «ՎԱԶ-2115» մակնիշի 02 ՍՍ 550 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առջեւից ընթացող անհայտ մեքենան հեռացել է վթարի վայրից:
Վթարից 15-20 րոպե անց Dodge-ի վարորդը՝ 75-ամյա Սերյոժա Արամի Մուրադյանը մահացել է: «ՎԱԶ-2115» մեքենայի վարորդը 30-ամյա Համլետ Սարգսի Բաբայանն է, ում վթարի վայր ժամանած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի հանձնարարականով ՃՈ աշխատակիցները տեղափոխել են դիսպանսեր՝ պարզելու, թե, արդյոք, մեքենա վարելիս եղե՞լ է անսթափ վիճակում:
Վթարի վայրում էր նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:
Երեւան քաղաքի ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ Սերյոժա Մուրադյանի մահվան հանգամանքները պարզ կդառնան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո:






Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























