Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` այսօր, նոյեմբերի 18-ին երեկոյան վերադարձել է Երեւան:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ

Այցի վերջին օրը Նախագահը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական եւ մշակութային գործիչների հետ:

Հանրապետության ղեկավարը տարբեր ոլորտներում ՀՀ պետական պարգեւների արժանացած գործիչներին հանդիպման ժամանակ շնորհավորել եւ հանձնել է պարգեւները:

Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

Լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ մասնագիտական բարձր վարպետության համար «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Քանդակագործ Միքայել Սողոյանին շնորհվել է վաստակավոր նկարչի կոչում:

Պարգեւների հանձնումից հետո, Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոյեմբերի 16-ին մեկնարկած իր աշխատանքային այցի արդյունքները: Այցի շրջանակներում, ըստ Հանրապետության ղեկավարի, ՌԴ նախագահի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր:

«Մեր կողմից տրված բոլոր հարցերը գտել են դրական արձագանք, եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հիմա վերադառնում եմ Հայաստան շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը: