Նոյեմբերի 19-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության ղեկավարի այցը     Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության եւ ֆինանսների ինստիտուտ: Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ ներկա կգտնվի Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը:

Վարչապետը կհանդիպի նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ: