Նոյեմբերի 17-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ճապոնիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդատվություններ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը,   ճապոնական կողմից` Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մասարու Վատանաբեն:

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ. իրավապայմանագրային դաշտի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, տնտեսական համագործակցության,  առեւտրատնտեսական կապերի խրախուսման, մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Ճապոնացի դիվանագետների խնդրանքով ներկայացվել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ճապոնական կողմը հայտնել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Խորհրդատվությունների ավարտից հետո Ճապոնիայի պատվիրակության ղեկավարը ԱԳՆ դիվանագիտական դպրոցում  հանդես է եկել «Արեւելյան Ասիան եւ Ճապոնիան» թեմայով դասախոսությամբ: