Պարզ է, որ 40- 45 հազար դրամ աշխատավարձով գոյությունները քարշ տվող ու տղամարդկային ու ստեղծագործող մարդու արժանապատվությունը ոտնահարված մշակութային գործիչները պետք է հոտով տեր փնտրեն ու, ցավոք, տիրոջ փնտրտուքը նրանց դեպի պետություն չի տանում, այլ այս կամ այն կուսակցության գրասենյակ:
Նման տեսակետ է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով Հայաստանի մշակույթի ոլորտում բյուջեով սահմանված աշխատավարձերի խնդրին:
Նրա խոսքով, մշակույթի գործիչները տարիների ընթացքում նայած կոալիցիայի կազմից, մի քանի կուսակցություն ու կրծքանշան են փոխում: «Սա իսկապես ողբերգություն է, պետականությունը վտանգող ողբերգություն: Եվ քանի դեռ չկա այն ընկալումն ու իմաստավորումը, որ մշակույթը քաղաքական արժեհամակարգի բաղադրիչ է եւ միայն մտածված մշակութային քաղաքականության իրականացման ճանապարհով կարելի է հասնել տվյալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը, սեփական պետության մեջ հայ մարդը ուրիշ տեր պիտի փնտրի, այդպես էլ քաղաքացի չի դառնա ու քաղաքացիական հասարուկություն դժվար թե ունենանք»,- ամփոփել է նա:
Նշենք, որ 2011-ի բյուջեով մշակույթի ոլորտում նախատեսվում է 12-15 տոկոս աշխատավարձի բարձրացում, որից հետո համակարգի շուրջ՝ 6080 աշխատողների միջին աշխատավարձը 57.000-ի սահմանում է լինելու, ինչը հանրապետության միջին աշխատավարձից մոտ 2 անգամ ցածր է:





























