Ապրիլի 21-ից 23-ը Երեւանում կայացած «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին  ներկայացված էր նաեւ Արցախի զբոսաշրջային արդյունքը: 

«Արցախի զբոսաշրջության զարգացման կաքզմակերպությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված տաղավարում ներկայացված էին հանրապետությունում գործող 6 զբոսաշրջային ընկերություններ եւ որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ:

Ցուցահանդեսի աշխատանքային 3 օրերի ընթացքում Արցախի պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ տեղեկատվություն փոխացնելով շահագրգիռ զբոսաշրջային ընկերություններին եւ ցուցահանդեսի այցելուներին, ինչպես նաեւ ստեղծել մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններ:

Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի՝ Ինտուր Էքսպո զբոսաշրջային ցուցահանդեսը կարեւոր հարթակ է հայկական զբոսաշրջային արդյունքը միասնաբար ներկայացնելու, ինչպես նաեւ նոր գործնական կապեր հաստատելու առումով:

Ցուցահանդեսին Արցախի Հանրապետությունը մասնակցում է երրորդ անգամ՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային արդյունքը հայկական զբոսաշրջային շուկայում: