Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագծի մեկնարկի մասին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծի գեղարվեստական ղեկավարն է իտալացի  դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնի մասնակից եւ պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանն ու ամրացմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը:

Ծրագրի մեկնարկը կտրվի ապրիլի 27-ին ժամը 17:00-ին Շուշիում՝  Լուկա Ֆերինիի, սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի եւ բելգիացի թավջութակահար Սեւակ Ավանեսյանի համատեղ համերգով:

Ապրիլի 30-ին` ժամը 18:00-ին  ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության պալատում  կայանալիք համերգին հյուրերին կմիանան արցախցի երիտասարդ  երաժիշտները: Համերգներին կներկայացվեն հայտնի դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների  ստեղծագործություններ:

Նախագծի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի եւ կլարնետի վարպետության դասեր: