Նոյեմբերի 18-ին ադրբեջանական APA գործակալությունը տարածել է հերթական ապատեղեկատվություն, որում հայտարարվում է, որ ՄԱԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչը «բարձրաձայնել է» Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող Իսլամական համաժողով կազմակերպության կարծիքը եւ դիմել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդի նախագահին` «հաշվի առնել» Դուշանբեում այս տարվա մայիսին ընդունած հռչակագրի համապատասխան դրույթը:

Էլ ավելի արժանահավատ դարձնելու համար իր հաղորդագրությունը, ադրբեջանական գործակալությունը հղում է կատարել ՄԱԿ-ի «տեղեկատվական կենտրոնին», որտեղից էլ իբր ստացել է այս տեղեկատվություն ՄԱԿ-ի օրակարգի մասին:

Ցավոք, եւս մեկ անգամ ստիպված ենք հիասթափեցնել ադրբեջանական կայքէջերի ընթերցողներին, քանի որ Տաջիկստանը ու նրա ներկայացուցիչը` որպես ԻՀԿ-ի ներկայիս նախագահող, ՄԱԿ-ում ոչ «բարձրաձայնել է», ոչ էլ խնդրանք են ներկայացրել «հաշվի առնել» ԼՂ-ին վերաբերող վերը նշված հայտարարության դրույթը: Ավելին, APA-ի կողմից հիշատակվող խորհրդավոր ՄԱԿ-ի «տեղեկատվական կենտրոնը» որպես այդպիսին, գոյություն չունի կազմակերպության կենտրոնատեղիում: