Թուրքիան չի ցանկանա խաղալ Վաշինգտոնից թելադրված խաղի կանոններով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։ Նրա խոսքով, Թուրքիան բավական ինքնուրույն է եւ կարող է մանեւրել։
«Թուրքիան ձգտում է նվազագույնի հասցնել իր տարածքում ՆԱՏՕ-ի օբյեկտների ներկայությունը»,- ընդգծեց Սկակովը՝ ավելացնելով, որ դա նրան մասամբ հաջողվում է։ Սակայն, փորձագետի կարծիքով, ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարածքային համակարգի ստեղծման նախագիծն իրական է եւ դրա վերջնական հաստատման փուլում Թուրքիան ստիպված կլինի ընդունել դա։
Եթե Թուրքիայի դիրքորոշումը դիտարկվի նրա՝ Եվրամիություն մուտք գործելու ցանկության ֆոնին, ապա, քաղաքագետի կարծիքով, այս երկու հարցերը այնքան էլ սերտորեն կապված չեն միմյանց հետ։ «Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նույնական չեն, եւ այն, ինչ ուզում է ՆԱՏՕ-ն, ոչ միշտ է ուզում ԵՄ-ն»,- ասաց նա։
Նշենք, որ Պորտուգալիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը մեկնարկել է նոյեմբերի 19-ին։ Գագաթաժողովի օրակարգը ծայրահեղ հագեցած է։ Այլ որոշումների շարքում, դաշինքը պետք է որոշում ընդունի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարածքային համակարգի ստեղծման մասին։ Սա գագաթաժողովի ամենահակասական հարցերից մեկն է։ Մասնավորապես, նախատեսվում է, որ այն կտեղակայվի Թուրքիայի տարածքում։





























