Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երկուշաբթի օրը` նոյեմբերի 22-ին հնարավոր է հանդես գա հայտարարութամբ կապված նոյեմբերի 18-ին ոստիկանների կողմից մի խումբ դեռահասների ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու փաստի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Մարդու իավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
«Պարոն Հարությունյանը երկուշաբթի կվերադառնա Հայաստան (ներկայումս նա գտնվում է Բուլղարիայում), մենք դրա վերաբերյալ նյութերը ոստիկանությունից կճշտենք ավելի տեղյակ լինելու համար եւ կոնկրետ այդ մասով երկուշաբթի հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց նա:
Նշենք, որ նոյեմբերի 18-ին ոստիկանները 5 աղջիկների բռնությամբ, մազերից քարշ տալով մտցրել են մեքենա եւ տարել ոստիկանատուն՝ ձեռքի հետ էլ բաժին տանելով այդ պահին պատահական անցնող մի երիտասարդի՝ ճղած ջինսերով:
Այսօր ասուլիսի ժամանակ բերման ենթարկված դեռահասներից մեկը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ աղջիկներից մեկը որոշել է ընկերուհուն հուշանվեր նվիրել՝ գանգի տեսքով, եւ այն հանձնել է հանդիպման ժամանակ: Ընկերուհին, սկսել է նայել նվերը: Եւ այդպես, դանդաղ քայլքով աղջիկները զբոսնել են Մանկական երկաթուղով: Սակայն մանկական երկաթուղու աշխատակիցները լարվածության մեջ են ընկել այն փաստից, որ ջինսերով եւ պիրսինգով երիտասարդների խումբը զբոսնում է «սուր կտրող-ծակող գործիքով»: Զգոն մի քաղաքացի անմիջապես զանգել է ոստիկանություն, եւ իրավապահներն անմիջապես ժամանել են դեպքի վայր եւ բերման ենթարկել նրանց ոստիկանութան Կենտրոնի բաժին: Այստեղ դեռահասներին պահել են 3 ժամ, ճնշում բանեցրել, «հիմար» հարցեր տվել, ապա ազատ արձակել:





























