Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ մաքսային միության շրջանակներում բոլոր տեսակի մաքսային սահմանափակումները պետք է վերացվեն 2011-ի հուլիսից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով «Եվրազես»-ի միջպետական խորհրդում, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Մաքսային միության շրջանակում արդեն վերացվել են մաքսային ձեւակերպումները ռուս-բելառուսական սահմանին եւ մասամբ ռուս-ղազախական սահմանին»,- ընդգծել է Պուտինը:
Ռուսաստանի վարչապետը հիշեցրել է, որ Մաքսային միության շրջանակում միասնական մաքսային սակագինն ուժի մեջ է մտել 2010-ի հունվարի 1-ից, իսկ Մաքսային օրենսգիրքը` հունիսից:
Պուտինը նաեւ հայտնել է, որ Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման փաստաթղթերի առեւտրային փաթեթը կստորագրվի դեկտեմբերի 9-ին` Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների գագաթաժողովի ժամանակ:





























