Շվեդիայի Լունդի համալսարանի հետազոտողների խումբը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ այն ստեղծել է ամենաարագ լուսանկարչական սարքը, որը կարողանում է վայրկյանում 5 տրիլիոն կադր «որսալ» ու ֆիքսել գործողություններ, որոնք տեղի են ունենում վայրկյանի 0․2 տրիլիոներորդ մասում, հայտնում է «Պոպուլյար մեխանիկա» պարբերականը։
Նոր գերարագ սարքի օգնությամբ հնարավոր կլինի անհավանական արագ ֆիզիկական ու քիմիական գործընթացներ նկարահանել։ Մշակումը արդեն ծրագրում են կիրառել կենսաբանության, բիոբժշկության, ֆիզիկայի ու քիմիայի ոլորտներում։
Ցուցադրելո ւ համար, թե ինչպես է աշխատում սարքը, հետազոտողները գերարագ լուսանկարչական սարքով նկարահանել են, թե ինչպես է լույսն անցնում թղթի հաստության տարածությունը։ Իրականում դա տեղի է ունենում պիկովայրկյանում ՝ այսինքն վայրկյանի մեկ տրիլիոներորդ մասում, իսկ ստացված տեսագրությունում այդ գործընթացը տրիլիոն անգամ դանդաղեցված է։
Հիմա գերարագ լուսանկարչական սարքերը ֆիքսում են հաջորդական պատկերները ։ Շվեդ հետազոտողների մշակած տեխնոլոգիան աշխատում է բոլորովին նոր ալգորիթմի հիմքով, այն «որսում է» կոդավորված պատկերները մեկ լուսանկարում, իսկ հետո դրանք տեսաշարք են դարձնում համակարգչային վերծանման բանալու օգնությամբ։











