Թեհրանն սկսել է լուծել հայկական մեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրը: Այս խնդիրը քննարկվել է ապրիլի 27-29-ին Թեհրանում Հայաստանի ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի եւ Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանիի հանդիպման ժամանակ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների համապատասխան մարմինների միջեւ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր: Զրուցակիցներն ընդգծեցին, որ այն կնպաստի երկկողմ առեւտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը:
Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարեւորեց երկու երկրների կողմից Պարսից ծոց – Սեւ ծով տրանսպորտային միջանցքի օգտագործումը, ինչի մասին նշված ՀՀ եւ ԻԻՀ նախագահների 2016 թ. դեկտեմբերի 21-ին Երեւանում ընդունած համատեղ հայտարարությունում:
Վարդան Հարությունյանը գոհունակություն հայտնեց, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել հայկական համարանիշներով ավտոմեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրների լուծմանը եւ հույս հայտնեց, որ շուտով այն կկարգավորվի:
Հանդիպման ավարտից հետո Վարդան Հարությունյանն ու Մասուդ Քարբասիանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջեւ մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը:
Թեհրան այցի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: ՀՀ պատվիրակության անդամներն «Արարատ» մարզավանում հանդիպեցին նաեւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:



























