«Սասնա ծռերի» նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Սարի թաղում նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինը ժամանակին հայտարարում էր, թռուցիկներ էր տարածում, որ եթե վայր դնեք զենքը, ձեր նկատմամբ քրեական հետապնդումը կդադարի. «Դա նախատեսված է նաեւ քրեական օրենսգրքով, բայց իշխանությունների պարտականությունը չիրականացվեց: Իշխանությունը հերթական անգամ խաբեց մեր հանրությանն ու հերոսներին»:
Հարցին, թե այդ դեպքում ով է պատասխանատու ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու եւ դրան հաջորդած դեպքերի ժամանակ զոհերի համար, Փոստանջյանը պատասխանեց. «Պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը, որովհետեւ նաեւ իր պատճառով են եղել այդ մահերը: Իրեն պետք է կանչենք պատասխանատվության»:
Նա նշեց, որ իրենք այսօր եղան այն վայրում, որտեղ 2019-ի հուլիսին բարձրացել էի, որպեսզի իրենց համերաշխությունը հայտնեն «Սասնա ծռերին». «Խաղաղ կանգնած էինք, երբ ոստիկանությունը, նաեւ իրենցից խմբեր կային, որ հարձակում գործեին ու մեզ կոտորեին, ինչն էլ տեղի ունեցավ: Ոստիկանները մեկուսացրեցին լրագրողներին մեկ վայրում, նռնակներ նետեցին, նույնիսկ չզգուշացրեցին, որ հատուկ միջոցներ պետք է կիրառվի: Ժողովուրդը զինված չէր, եւ չէր կարող բռնություն գործադրել: Մենք այնտեղ միայն մեր համերաշխությունն էինք հայտնում Սասնա ծռերին: Այդտեղ անօրինական գործողություն չկար, բայց հասկանալի է, որ ոստիկանությունը վախեցավ ժողովրդի համերաշխությունից եւ բողոքից: Դրա համար վայրագ միջոցներով խաղաղ բողոքի ակցիան ցրեցին»:
Զարուհի փոստանջյանը հիշեց, որ այդ օրը ինքը պատսպարվել է սարիթաղցիներից մեկի տանը. «Սարիթաղցիները ամենադժվարին պահին ցուցաբերեցին քաղաքացիական դիրքորոշում՝ պաշտպանելով մեզ: Ես եւս կենթարկվեի բռնության, եթե չպատսպարվեի սարիթաղցու տանը: Անձամբ Լեւոն Երանոսյանի հրահանգն էր եղել բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ»:











