Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում եւ ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն: ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաեւ մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւս հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:
ՊԵԿ նախագահի հանձնարարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով:



























