Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ռուսական ընկերությունների՝ Իրանի հետ համագործակցությանն համար։ Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Նիժեգորոդի մարզի Առեւտրաարդյունաբերական պալատի արտասահմանյան երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցության բաժնի պետ Ալեքսանդր Պուշկինը, ով բիզնես առաքելությամբ գտնվում է Հայաստանում։

Նրա խոսքով՝ ռուսական կողմից այդ հարցում մեծ շահագրգռվածություն կա։ «Բիզնես առաքելության շրջանակներում մեր առջեւ խնդիր է դրված հարթել առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, որպեսզի Նիժեգորոդի մարզը հանրապետությունում ներկայացնի իր արտադրանքը՝ մեր հարաբերություններն ամրապնդելու համար ինչպես մեկ միասնական տնտեսական տարածքում, այնպես էլ երկկողմանի կապերի տեսանկյունից»,-նշել է Պուշկինը։ Նա ասել է, որ իրենց համար հետաքրքիր է արտասահմանյան շուկաներ ընկերություններին դուրս բերելը։ «Տվյալ դեպքում մեր գործընկերների համար Հայաստանը առաջնային ուղղություն է։ Եւս մի շարք բիզնես առաքելություններ են ծրագրվում՝ Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,-հավելել է Ալեքսանդր Պուշկինը։