«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 11-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԿԸՀ նիստում հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա ընթերցեց այդ 11 պատգամավորների անունները. Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան եւ Արտյոմ Ծառուկյան:

Մուկուչյանի խոսքով, ինքնաբացարկի դիմումներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներից միայն մեկն է եղել նոտարական վավերացման, Նապոլեոն Ազիզյանի դիմումը: Մյուսները ցանկություն են հայտնել ներկա լինել ԿԸՀ նիստին:

Տիգրան Մուկուչյանը հերթով ընթերցեց դիմումները:

Մասնավորապես, Խաչիկ Մանուկյանը խնդրեց իրեն ցույց տալ ինքնաբացարկի դիմումը, քանի որ մինչ այն նա հայտարարել էր, որ ինքը ինքնաբացարկի դիմում չի գրել: