Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ իշխանությունների համար ձեռնտու է «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Դաշինքի ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից 12-ը հաջորդ օրը դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հետ վերցրել իրենց դիմումները: Նրանցից 8-ը ստացել է պատգամավորական մանդատ: Կարեն Քոչարյանն այս ամենում միանշանակ ուղղորդվածություն է տեսնում:
«Չեմ կարծում, որ մեր քաղաքական դաշտում բոլորը նույն վայրկյանին կվազեին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ միահամուռ իրենց ստորագրած դիմումները վերցնելու: Իշխանություններին ձեռնտու է սա, այնպես չէ, որ «Ծառուկյան» դաշինքն էլ իշխանությանը չէ, բայց պարզապես կա 2018թ., որից հետո կարող են լինել զարգացումներ, որ պետք է 100 տոկոսով դաշտը վերահսկելի լինի իշխանության համար»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, կողմերը մինչեւ վերջ ճիշտը չեն ասում. Իհարկե, նորություն չէ, որ տարբեր տարիներին տարբեր կուսակցություններ ընտրություններից առաջ թեկնածուներից վերցնում են միանգամից երկու դիմում՝ մասնակցելու եւ հրաժարվելու, մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի դեպքում այլ բան է տեղի ունեցել. «Իշխանության համար «Ծառուկյան» դաշինքն ընդունելի էր, ապացույցն այն է, որ Ծառուկյանին թույլ տվեցին բացել փակված էջը: Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ սպասվածից ավելի ձայն ստացավ դաշինքը, չստացվեց այն խճանկարը, որն իշխանություններն էին ուզում: Իհարկե, չեմ ասում, որ «Ծառուկյան» դաշինքը վերահսկելի չէ, բայց կարող էին պահեր լինել, երբ իշխանությունները չկարողանային ստանալ իրենց ուզած ձայները, ինչը նոր խորհրդարանում շատ կարեւոր է լինելու: Այժմ այդ ութ պատգամավորները չեն քվեարկի այնպես, ինչպես կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը»:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը ԿԸՀ էր ներկայացրել 23 թեկնածուի ինքնաբացարկի դիմում, որից 12–ը ավելի ուշ հայտարարեցին, որ այդ դիմումները ներկայացրել են առանց իրենց հետ համաձայնեցնելու, ավելին միայն ԿԸՀ–ի հրապարակումից հետո են տեղեկացել, որ իրենք դիմումներ են ներկայացրել։ ԿԸՀ երեկվա նիստում ինքնաբացարկի դիմումներից հրաժարված 12 թեկնածուից ութը ստացավ պատգամավորի մանդատ, չորսը չեն ընտրվել։




























