Այսօր՝ նոյեմբերի 20-ին հայ գործարարներին արտահանումը խրախուսելու մի հետաքրքիր առաջարկ է ներկայացվել։ Հիմնադրվել է արտադրության եւ արտահանման աջակցման ասոցիացիան, որն իր ծրագրերն իրականացնելու է arm3a.org կայքի միջոցով։ Ցանկացած գործարար կարող է անվճար անդամագրվել այդ կայքին եւ ներկայացնել որեւէ հետաքրքիր բիզնես-առաջարկ կամ էլ տեղեկանալ մյուսների առաջարկներին։ Բոլոր բիզնես-նախագծերը տեղակայվում են կայքում եւ ենթարկվում փորձագիտական մշակման։ Տվյալ պահին կայքում արդեն առկա են 5 բիզնես-նախագծեր։
Այսպիսով՝ այն անձինք, որոնք ունեն հետաքրքիր մտահղացումներ, սակայն չունեն հնարավորություն դրանք իրացնելու, այս կայքի միջոցով կարող են դրանք կյանքի կոչել։
Նորաստեղծ ասոցիացիայի հիմնադիրներից Գագիկ Կարապետյանն ասում է, որ լավ բիզնես-պլանը պարզապես դառնում է կազմակերպություն, ցանկալի է՝ բաց բաժնետիրական ընկերության տեսքով, որին կարող են մասնակցել մեծ ու փոքր բիզնեսի բազմաթիվ մասնակիցենր։
Նշենք, որ նմանատիպ կայքեր գործում են նաեւ աշխարհի այլ երկրներում, սակայն ընդգրկում են նեղ ոլորտներ։ Հայկական կայքում կարող են տեղակայվել բիզնես-պլաններ ցանկացած ոլորտից, քանի որ, ըստ կազմակերպիչների՝ դեռեւս հստակ չէ, թե հատկապես որ ոլորտներում այն կծավալվի։





























