Հայաստանում ուզում են թողարկել միկրոկլիմայի հսկիչ սարքեր հյուրանոցների համար։ NEWS.am-ի թղթակցին SmartBrick ընկերության ներկայացուցիչ Արմեն Ղազարովը հայտնել է, որ հսկիչը թույլ կտա ոչ միայն հաճախորդի համար սենյակում հարմարավետ ջերմաստիճան պահպանել, այլեւ երբ հաճախորդը սենյակից բացակայում է՝ իզուր էլեկտրականություն չվատնել։
«Ենթադրենք, հյուրը մտնում է իր սենյակը, միացնում օդորակիչը, տաք ջուրը, ջեռուցումը եւ այլն։ Միացվում է նրա համար հարմարավետ ջերմաստիճան։ Մեր մշակման իմաստն այն է, որ այդ ջերմաստիճանն առանց անհրաժեշտության չպահպանվի, երբ հաճախորդը բացակայում է»,- պարզաբանել է Ղազարովը։ Այս ձեւով ավելի շատ կարելի է տնտեսել, քան թվում է, հավելեց նա։
Օրինակ եթե ամռանը դրսում 30 աստիճան տաքություն է, իսկ հյուրն ուզում է 18 աստիճան պահպանել սենյակում, ապա նրա բացակայության ընթացքում կարող է պահպանվել 25-26 աստիճան, իսկ երբ նա վերադառնա՝ օդորոակիչը նորից կվերականգնի ցանկալի ջերմաստիճանը։ Նույնիսկ 1 աստիճանի տարբերությունը թույլ է տալիս մինչեւ 6 տոկոս էներգիա խնայել։ «Աշխարհում նման հետազոտություններ արդեն իրականացվել են։ Այնպես որ նույնիսկ մի քանի ժամում հնարավոր է բավականին մեծ գումար տնտեսել։ Իսկ մեկ տարում․․․Հայաստանի պայմաններում կարելի է նույնիսկ մինչեւ 40 տոկոս էներգիա տնտեսել։ Հայկական հյուրանոցների չափանիշներով դա հազարավոր դոլարներ են, իսկ մի քանիսի համար՝ նույնիսկ տասնյակ հազարավոր»,- նկատեց Ղազարովը։
Նմանատիպ տեխնոլոգիաներ աշխարհում արդեն կան, բայց տեղական բիզնեսի համար հարմար է աշխատել տեղական վենդորի հետ, հավելեց նա։
Հիմա ընկերությունը արտադրում է հսկիչ համակարգեր սերվերային սենյակների համար (բանկեր եւ այլն)։ Հյուրանոցների համար նոր համակարգը դեռ նախագծման փուլում է, բայց դրան արդեն պատրաստ են լիզինգ տրամադրել Հայաստանի ու Վրաստանի ֆինանսական ընկերությունները։
Նույնատեսակ միկրոկլիմայի կառավարման համակարգեր ընկերությունը կարող է մշակել նաեւ այլ նպատակների համար։ Օրինակ ջերմոցների, որտեղ ջերմաստիճանի պահպանման ալգորիթմին կարելի է հավելել խոնավությունն ու ջրի շիթը։ «Ըստ էության , բովանդակությամբ դրանք զուգահեռ խնդիրներ են, որոնք մենք անհրաժեշտության դեպքւոմ կարող են իրագործել»,- հավելեց Ղազարովը։




























