«Անոդ» ընկերությունն ուզում է արտադրել ինվերտորներ տնային արեւային կայանների համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է ընկերության տնօրեն Սամվել Օսյանը։

Մշտական հոսանքը, որը ստացվում է արեւային պանելից, ինվերտորը դարձնում է փոփոխական (220 վոլտ, 50 կամ 60 Հց),  որն անհրաժեշտ է կենցաղում։

Այդ նույն ինվերտորի օգնությամբ ստացված էլեկտրաէներգիայի ավելցուկը կարելի է փոխանցել ցանցին։

«Հիմա Կառավարությունը քարոզում է արեւային էլեկտրակայանների գործածումը, այդ թվում անհատական։ Բայց առանց ինվերտորների դրանց էլեկտրականությունը պիտանի չէ տան համար։ Դրա համար էլ յուրաքանչյուր նման կայանին ինվերտոր է պետք։ ՀԻմա Հայաստանը ներկրում է դրանք։ Իսկ մենք որոշել ենք տեղում արտադրել։ Այդպես ավելի հեշտ կլինի սպասարկելն ու վերանորոգելը։ Բացի դրանից,  մեզ մոտ այն գնով արտասահմանյան անալոգներից էժան է»,- նկատեց Օսյանը։

Ընկերությունը պատրաստ է տեղում թողարկել կորպուսները, նաեւ կազմում է ծրագրային ապահովում միկրոհսկիչների համար։ «Գուցե հետագայում կբարձրացնենք լոկալիզացիան»,- հավելեց նա։

Իր նախագիծը ընկերությունը ներկայացրել է տեխնոլոգիական դրամաշնորհների վենչուրային մրցույթում, որը անցնում է ԵՄ աջակցությամբ, գերմաական Միջազգային համագործակցության միության (GIZ) եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակցությամբ։