Ռուսաստանը եւ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար ընտրության առարկա չեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն՝ մեկնաբանելով  ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգը, ուր ասվում  է, որ Դաշինքը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում։

«Արեւմուտքին եւ Միացյալ Նահանգներին պետք է վրացական խնդիրը։ Նրանց մեծ Ռուսաստան է հարկավոր, որը նեղացնում է փոքր Վրաստանին»,- ընդգծեց վրացի քաղաքագետը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ դիվանագիտական լուծում կարող է ընդունվել այն իրավիճակում, երբ կողմերի դիրքորոշումները տրամաբանորեն հակասում են միմյանց, քաղաագետը պատասխանեց, որ թեպետ իրավիճակը բարդ է,սակայն ելքեր կան։ «Օրինակ, Ռուսաստանը կարող է համաձայնել դաշնային հանրապետության ստեղծմանը, որի մեջ կմտնեն Վրաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան»,- կարծում է նա։

Խոսելով հնարավոր հանրաքվեի մասին՝ Ռամազ Սաքվարելիձեն նշեց, որ դա քիչ հավանական է։ «Վրաստանի կառավարությունն արդեն 20 տարի է, ինչ նրանց առաջարկում է լեգիտիմ հանրաքվե անցկացնել,սակայն մերժվում է»,- ամփոփեց քաղաքագետը։